Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
FAQ

Հ. Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթը:
 
Պ. «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթը միջազգային իրավունքի վերաբերող առավել տարածված և հարգի մրցույթն է աշխարհում: Մրցույթն անց է կացվում 1959թ.-ից: 2004թ. Ֆ.Ջեսափի անվան մրցույթի միջազգային փուլին մասնակցել են թիմեր աշխարհի շուրջ 100 երկրներից:
 
Հ. Ո՞վ է կազմակերպում մրցույթը Հայաստանի Հանրապետությունում:
 
Պ. ՀՀ-ում «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթը կազմակերպում է «Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Մրցույթի կազմակերպումը նպատակ ունի նպաստել ՀՀ-ում իրավաբանական կրթության զարգացմանը, ուսանողների միջև միջազգային հրատապ թեմաների շուրջ երկխոսության կայացմանը:
 
Հ. Ի՞նչ է իրենից ներկայացնում իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան(ILSA):
 
Պ. Մրցույթն ամբողջ աշխարհում կազմակերպվում է իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի (ILSA) կողմից, որը ոչ առևտրային կազմակերպություն է` տեղակայված Վաշինգթոնում: ILSA-ն նաև տարբեր համալսարաններում կազմակերպում է իրավական ակումբներ, որտեղ զբաղվում և գիտելիքներ են ստանում միջազգային իրավունքով հետաքրքրված ուսանողնները: Մրցույթի ազգային կազմակերպիչը նշանակվում է ILSA-ի կողմից` հայաստանյան փուլը կազմակերպելու համար: ILSA-ի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ նրա պաշտոնական` www.ilsa.org ինտերնետային էջում:
 
Հ. Ի՞նչ փուլերց է բաղկացած մրցույթը:
 
Պ. «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն անց է կացվում 2 փուլով` ազգային և միջազգային: Իր հերթին ազգային մրցույթը բաղկացած է 2 փուլից` գրավոր և բանավոր: Հաստատված ժամանակցույցի համաձայն թիմերը ներկայացնում են գրավոր աշխատանքներ, որից հետո նրանք թույլատվություն են ստանում մասնակցել բանավոր փուլին: Երկու փուլերի արդյունքում որոշվում է հաղթող թիմը, որը ներկայացնում է ՀՀ:
 
Հ. Ո՞ր բուհերի ուսնողները և առավելագույնը քանի՞ ուսանող կարող են անդամագրվել թիմին:
 
Պ. Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները: Յուրաքանչյուր թիմում կարող են ընդգրկվել 2-5 ուսանող: Լավագույնն է համարվում 4-5 հոգուց բաղկացած թիմը:
 
Հ. Եթե բուհում կան 5-ից ավել ուսանողներ, ովքեր ցանկություն ունեն մասնակցել մրցույթին, բուհը կարո՞ղ է 2-րդ թիմը ներկայացնել մրցույթին:
 
Պ. Ոչ, յուրաքանչյուր բուհ մրցույթին մասնակցելու համար կարող է ներկայացնել միայն մեկ թիմ: Եթե բուհում մրցույթին մասնակցելու համար 5 հոգուց ավելի ուսանողներ կան, ապա բուհը պետք է անցկացնի ներքին մրցույթ, որի արդյունքում պետք է ձևավորվի մեկ թիմ:
 
Հ. Կարո՞ղ են արդյոք ասպիրանտները մասնակցել մրցույթին:
 
Պ. Ասպիրանտների մրցույթին մասնակցելու կարգը սահմանված է մրցույթի պաշտոնական կանոնների 2.2.3 կետում: Կանոնների պահանջներին համապտասխանող ուսանողները կարող են մասնակցել մրցույթին` ազգային կազմակերպչի գրավոր թույլտվությամբ:
 
Հ. Արդյո՞ք մրցույթին մասնակցող թիմերի անդամների ճանապարհածախսը, հյուրանոցային ծախսերն ու սնունդը փոխհատուցվում են:
 
Պ. Ոչ: Ճանապարհածախսի, հյուրանոցի և սննդի փոխհատուցում չի տրվում: Թիմերն իրենք են հոգում այդ ծախսերը, իսկ կազմակերպիչները` միայն մրցույթի բանավոր փուլի ժամանակ ուսանողների սննդի հարցը:
 
Հ. Թիմերն ինչպե՞ս կարող են հոգալ իրենց ծախսերը:
 
Պ. Մրցույթի ազգային և միջազգային փուլերի մասնակցության ծախսերը հոգալու համար թիմերն ամբողջ աշխարհում ակտիվ աշխատանքներ են կատարում հովանավորներ գտնելու համար: Թիմերին պետք է աջակցեն նաև իրենց բուհերը:
 
Հ. Ի՞նչ ժամկետներում է կազմակերպվում մրցույթը:
 
Պ. Մրցույթն անց է կացվում ILSA-ի գործադիր տնօրենի կողմից կազմված ժամանակացույցին համապատասխան: Ելնելով այդ ժամանակացույցից` յուրաքանչյուր երկիր կազմում է մրցույթի ազգային ժամանակացույցը: «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան ժամանակցույցով գրավոր աշխատնաքներ` հայցադիմումներ ներկայցնելու վերջնաժամկետը 2004թ. հունվարի 12-ն է: Մրցույթի բանավոր փուլը կայանալու է 2004թ. փետրվարի 7-8-ին:
 
Հ. Ինչպե՞ս են կազմվում հայցադիմումները:
 
Պ. Հայցադիմումները կազմվում են Պաշտոնական կանոնների 8.0-9.0 կետերով սահմանված կարգով:
 
Հ. Ի՞նչ լեզվով է կայանում մրցույթը:
 
Պ. Մրցույթի լեզվի հարցը կարգավորվում է Հայաստանյան մրցափուլի համար սահմանված մրցույթի Պաշտոնական կանոնների ազգային հավելվածով:
Ըստ կանոնների ազգային հավելվածի, Հայաստանի ազգային մրցափուլերի գրավոր և բանավոր փուլերը կանցկացվեն հայերեն լեզվով:
 
Հ. Կարելի՞ արդյոք թիմի գրանցված անդամի փոխարեն մրցույթին մասնակցի այլ մասնակից:
 
Պ. Թիմի գրանցված անդամի փոխարինումը թույլատրվում է մինչև մրցույթի միջազգային ժամանակցույցով նախատեսված թիմերի գրանցման վերջնաժամկետը` մրցույթի գործադիր տնօրենի և ազգային կազմակերպիչի գրավոր համաձայնությամբ:
 
Հ. Որքա՞ն թիմեր են սովորաբար մասնակցում մրցույթին:
 
Պ. Մրցույթին սովորաբար մանակցում են 10-12 թիմեր: 2003թ. մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 16 թիմ, 11 թիմ մասնակցեցին բանավոր փուլին:
 
Հ. Ովքե՞ր են մրցույթի դատավորները:
 
Պ. Մրցույթի գրավոր աշխատանքները ստուգելու և բանավոր ելույթներն դատելու համար կազմակերպիչների կողմից հրավիրվում են ՀՀ հայտնի իրավաբաններ` գործող դատավորներ, փաստաբաններ, դատախազության աշխատակիցներ, բուհերի դասախոսներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատողներ: Մրցույթին որպես դատավոր նրանց աշխատանքը չի վարձատրվում: Դա նրանց ներդրումն է ՀՀ-ում իրավական կրթության զարգացմանը:
 
Հ. Որոնք՞ են մրցույթն արդար դատելու երաշխիքները:
 
Պ. Մրցույթի դատավորները չգիտեն, թե որ թիմի աշխատանքն են դատում: Թիմերը մրցույթին մասնակցում են անանուն: Մրցույթի գործադիր տնօրենի կողմից յուրաքանչյուր թիմ ստանում է համար, որով էլ թիմը մասնակցում է մրցույթի բանավոր և գրավոր փուլերին: Միայն ILSA-ն և մրցույթի ազգային կազմակերպիչը գիտեն, թե թիմին ինչ համար է տրված: Ուսանողներին խստիվ արգելվում է դատավորներին հայտնել, թե իրենք որ բուհն են ներկայացնում, դրա համար Պաշտոնական կանոններով սահմանված կարգով նրանք ստանում են տուգանային միավորներ:
 
Հ. Ի՞նչ դեր ունի թիմի մարզիչը:
 
Պ. Թիմի մարզիչները, որպես կանոն, լինում են տվյալ բուհի դասախոսներից, սակայն դա պարտադիր չէ: Թիմի մարզիչ կարող են լինել նաև այլ անձինք` միջազգային իրավունքի մասնագետներ, գործող փաստաբաններ, ասպիրանտներ: Հաճախ, որպես մարզիչներ հանդես են գալիս մրցույթի նախորդ տարիների մասնակիցները:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում