Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ

Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ-մրցույթի բանավոր փուլը մեկնարկեց

22.02.2015 | 16:02

«Ջեսափի մասին խոսելը միշտ հաճելի է, քանի որ միջազգային իրավունքի ոլորտի ամենահայտնի դատախաղ-մրցույթն է աշխարհում և միջազգային իրավունքի վերաբերյալ ուսանողների և երիտասարդ իրավաբանների համար պրակտիկ գիտելիքներ ստանալու արդյունավետ միջոց է »,- ասում է միջազգային իրավունքի մասնագետ, Սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, ով բազմիցս մասնակցել է Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթին, եղել է միջազգային մրցափուլի դատավոր, իսկ այս տարի Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի մարզիչն է:

Հայաստանում արդեն 15-րդ տարին է կազմակերպվում դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլը` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից` Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ: Թիմերը նախապես տեղեկանում են մրցույթի կազմակերպիչ «Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի» Վաշինգտոնից ուղարկված խնդրի էությանը, կազմում են և’ հայցվորի, և’ պատասխանողի դերում հանդես գալու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Դատախաղի ազգային մրցափուլը բաղկացած է գրավոր և բանավոր փուլերից: Թիմերի աշխատանքները երկու փուլերում էլ ստուգում և գնահատում է 3 դատավոր: Այնուհետև հաղթող թիմը մեկնում է Վաշինգտոն` մասնակցելու միջազգային փուլին: Այսօր մեկնարկեց մրցույթի բանավոր փուլը:

«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային կառավարիչ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը նշում է, որ առաջին անգամ ազգային փուլն անցկացվում է անգլերեն լեզվով. «Հիմնական նպատակն այն է, որ ազգային փուլում հաղթող թիմն արդեն իսկ պատրաստված մեկնի Վաշինգտոն`Հայաստանը ներկայացնելու համար, և մեծ հույսեր ունենք, որ այս տարի միջազգային մրցափուլում շոշափելի արդյունքներով կվերադառնա մեր թիմը»:

«Մրցույթի կարևոր հատկանիշներից մեկն այն է, որ յուրքանչյուր տարի առաջարկվող խնդիրը, թեման բավականին արդիական է լինում, այս տարվա թեման վերաբերում է պետությունների ինքնիշխանությանը»,- Սյուզաննա Սողոմոնյանը այս տարի մրցույթին մասնակցում է երեք թիմ, երկուսը բաղկացած է 5 անդամից, իսկ մեկը` չորս անդամից:

Գրիգոր Գրիգորյանն այս տարի երկրորդ անգամ է մասնակցում մրցույթին. նախորդ տարի եղել է հաղթող թիմում և Վաշինգտոնում մասնակցել է մրցույթի միջազգային փուլին. «Մեծ փորձ ես ձեռքբերում, որն անգնահատելի է: Վաշինգտոնում էլ հանդիպեցինք մասնագետների, ովքեր ահռելի գիտելիքներ ունեին: Այս տարի ավելի մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել, ավելի լուրջ ենք պատրաստվել` հաշվի առնելով նախորդ տարվա փորձն ու թերությունները: Հույս ունեմ, որ կհաղթենք»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:

Առաջին մրցափուլի դատավորներից էր փաստաբան Մարատ Ատովմյանը, ում խոսքով, թիմերը բավականին լավ են պատրաստված եղել. «Եվ լեզվի իմացության, և մասնագիտական պատրաստվածության առումով դրական տպավորություններ ստացա: Մենք երեք դատավորներով էլ համակարծիք էինք, որ լավ էին պատրաստվել»:

Նշենք, որ վաղը կկայանա ազգային մրցափուլի եզրափակիչը և հայտնի կդառնա հաղթող թիմը:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում