Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ

Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի ազգային մրցափուլի հաղթող թիմի անունը հայտնի է

21.02.2014 | 18:02

Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի 2014 թվականի դատախաղ մրցույթի ազգային մրցափուլի հաղթողը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը ներկայացնող ուսանողների թիմն է: Նրանց համար սա ամենալավ հաղթանակն է, այն ձեռք է բերվել լուրջ մրցակցության պայմաններում:

Հաղթող թիմի ոգևորությունն այնքան բարձր էր, որ մրցանակաբաշխությունից րոպեներ անց նրանք արդեն ճանապարհ էին ընկել նշելու իրենց հաղթանակը:

«Ուղղակի շատ բարձր տրամադրության մեջ ենք, դրա համար էլ արագ դուրս եկանք, որովհետև դա է մեր էմոցիաները տվյալ պահին»,- Իրավաբան.net-ին ասաց մրցույթի հաղթող թիմի անդամ Սոնա Մանթաշյանը:

Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի ամենամյա մրցույթ-դատախաղին Հայաստանը մասնակցում է 2000 թվականից: Արդեն 14 տարի Հայաստանում դատախաղը կազմակերպում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ:

Մրցույթի հիմնական նպատակն է խթանել միջազգային իրավունքի ոլորտում իրավաբան ուսանողների կողմից ինքնուրույն հետազոտությունների և ուսումնասիրությունների կատարումը:

«Ուսումնասիրությունների ընթացքում մեծ հնարավորություն են ձեռք բերում ծանոթանալ նախադեպային իրավունքին, միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին և դրանք կիրառել իրենց աշխատանքներում»,- նշեց «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային համակառավարիչ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:

Դատախաղի ազգային մրցափուլը բաղկացած է երկու փուլերից` գրավոր և բանավոր:

Թիմերը նախապես տեղեկանում են Վաշինգթոնից ուղարկված և հայերեն թարգմանված վեճի էությանը, ուսումնասիրում են միջազգային իրավունքի աղբյուրները, կազմում են և’ հայցվորի, և’ պատասխանողի դերում հանդես գալու համար անհրաժեշտ հայցադիմումներ: Թիմերի աշխատանքները գրավոր փուլում ստուգում և գնահատում են 3 դատավորներ, ապա թիմերը սկսում են մրցել բանավոր փուլում:

«Շատ աշխատանք ենք տարել այս մրցույթին մասնակցելու համար, և մենք էլ մեծ տպավություններ ունենք»,- հայտնեց Երևանի Հյուսիսային համալսարանը ներկայացնող թիմի անդամ Սյուզի Հովհաննիսյանը:

Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմինե Հարությունյանը, ով բանավոր փուլում որպես դատավոր է հանդես եկել, փաստում է`տարեցտարի մասնակիցների գիտելիքների մակարդակն ավելի է բարձրանում:

«Միջազգային իրավունքն այն դաշտն է, որ անընդհատ զարգանալու, անընդհատ կատարելագործվելու հնարավություն է տալիս մարդուն»- նշեց Արմինե Հարությունյանը:
ՀՀ Գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի ավագ դատախազ Լուիզա Մանուկյանը համակարծիք է Արմինե Հարությունյանի հետ` տարեցտարի մրցույթին ավելի լավ պատրաստված թիմեր են մասնակցում:

«Շատ հետաքրքիր էր և բարդ գնահատելը»,- ասաց Գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի ավագ դատախազ, մրցույթի դատավոր Լուիզա Մանուկյանը:

ԲՏԱ բանկի իրավաբանական ծառայության պետ, փաստաբան Մարինա Տաշչյանն արդեն մի քանի տարի մրցույթին մասնակցում է որպես դատավոր. «Տարեցտարի նկատվում է մասնակիցների և ուսանողների մասնագիտական աճ, ինչը խիստ գովելի է»:

Բանավոր փուլի ժամանակ երկու թիմ անցան եզրափակիչ փուլ: Նրանք վիճակահանության սկզբունքով դատարանի առջև հանդես եկան հայցվորի և պատասխանողի դերում, վիճարկեցին հակառակ կողմի փաստարկերն ու պնդեցին իրենց տեսակետը, ապա երեք դատավորները որոշեցին հաղթող թիմին:

«Շատ մեծ դժվարությամբ մեր որոշումը կայացրեցինք` ում ընտրենք և երևի ղեկավարվեցինք ոչ թե ցուցաբերած տեսական գիտելիքներով, այլ կողմնորոշվելու, ժամանակը կառավարելու գործի սահմաններից դուրս մտածելու ունակություններով: Երկու կողմն էլ ունեինք, բայց մեր ընտրությունը կատարեցինք»,-հայտնեց Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթ-դատախաղի եզրափակիչ փուլի նախագահող դատավոր, Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Մրցույթի եզրափակիչ փուլի մյուս դատավոր Լիզա Գրիգորյանը, ով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է, կարևորում է նման դատախաղերի կազմակերպումը: Նրա կարծիքով` իրավաբանական բուհերի ուսանողները տարվա մեջ գոնե մեկ անգամ պետք է մասնակցեն նման դատախազի:

«Գտնում եմ, որ բուհերն իրենք էլ պետք է նման դատախաղեր կազմակերպեն: Դատախաղն այն հիմնական միջոցն է, որը շատ լայնորեն կիրառում են նաև արտերկրում»,- փոխանցնեց դատավորը:

Հակառակ Լիզա Գրիգորյանի կարծիքին` «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային համակառավարիչ, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության իրավախորհրդատու Մարիամ Զադոյանը նշում է, որ երբեմն համալսարանները համապատասխան մասնագետ չեն տրամադրում թիմին մարզելու համար. «Երեխաներին ապաքաջալերում են և մասնակիցների թիվը պակասում է»:

Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 թիմ, որից 4 է մասնակցել բանավոր փուլին:

Մրցանակաբաշխության ժամանակ ԵՊՀ թիմի ներկայացրած հայցադիմումը ճանաչվել է լավագույն հայցադիմում: 1-ին մրցափուլի լավագույն բանախոս է ճանաչվել ԵՊՀ թիմի անդամ Դիանա Լեոնիդին: 2-րդ և 4-րդ մրցափուլերի լավագույն բանախոս է ճանաչվել ԳԱԱ թիմի անդամ Գրիգոր Թունյանը: Նա նաև ճանաչվել է հայաստանյան մրցափուլի լավագույն բանախոս: 3-րդ փուլի լավագույն բանախոս է ճանաչվել է ՀՌՀ թիմի անդամ Գրիգոր Գրիգորյանը:

Ապրիլ ամսին ազգային փուլում հաղթող թիմը մեկնելու է Վաշինգթոն մրցելու աշխարհի շուրջ 90 երկրներից դատախաղին մասնակցող թիմերի հետ: Ի դեպ, և’ ազգային, և’ միջազգային փուլում դատախաղի տեսքով անցկացվող մրցույթի վեճը նույն է:

Իսկ մինչ այդ`թիմը որոշել է Ամանորն ու իր հաղթանակը տոնել միասին: Խոստովանում են` մրցույթին պատրաստվելու պատճառով անգամ Ամանորի գիշերն են պարապել:

jessup.am

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում