Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Հանդիպում ՀՀ Արտաքին գործերի նախարարի հետ

2006թ.-ի հուլիսի 10-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի Ջեսափի ակումբի մի խումբ անդամների հանդիպումը ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ:
Հանդիպման հիմնական նպատակն էր նախարարից լսել Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերջին զարգացումների մասին և ներկայացնել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի Ջեսափի ակումբի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի կողմից ներկայացվեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի Ջեսափի ակումբի գործունեությունը, իսկ պարոն Օսկանյանի կողմից` Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերջին զարգացումների շուրջ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, քննարկվող փաստաթղթի մանրամասների և հակամարտության լուծման գործընթացի հետագա հնարավոր զարգացումները:

Հանդիպման մեխը ղարաբաղյան հիմնահարցն էր, և մասնակիցների հարցերը հիմնականում նվիրված էին վերոնշյալ թեմային:
Հարցուպատասխանի ընթացքում պարոն Օսկանյանը անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի ներկա զարգացումներին, զուգահեռներ անցկացրեց բանակցային գործընթացի տարբեր փուլերում հակամարտող կողմերին արված առաջարկների միջև` նշելով Հայաստանի դիրքորոշումները դրանց վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրեց հնարավոր զարգացումները:
Հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում: Քանի որ նախատեսված ժամանակում հնարավոր չեղավ անդրադառնալ հետաքրքրող բոլոր հարցերին, պատեհ համարվեց հետագայում շարունակել նմանատիպ հանդիպումները` քննարկման նյութ ունենալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, Հայաստանում ժողովրդավարության և իրավական պետության կայացման և մեր երկրի զարգացման համար կարևոր այլ թեմաներ:

Հանդիպման վերջում Վարդան Օսկանյանին շնորհվեց Հայաստանի Ջեսափի ակումբի պատվավոր անդամի կոչում և հանձնվեց համապատասխան վկայագիր:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում