Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Այցելություններ ՀՀ բուհեր

Հայաստանում Ջեսափի մրցույթի մասսայականացմանը, կարևորության գիտակցմանը, դերի և նշանակության բարձրացմանը նպաստելու նպատակով 2007թ.-ի գարնանը մրցույթի կազմակերպիչների կողմից կազմակերպվել և իրականացվել են այցելություններ բազմաթիվ բուհեր` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Ջեսափի ակումբի համակարգող Արփինե Եղիկյանը հանդիպումներ է ունեցել Երևանի և Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների հետ:
Հանդիպումները կայացան Գյումրիում` «Պրոգրես» համալսարանի, «Հայբուսակ» ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի, Երևանի Մենեջմենթի համալսարանի Գյումրիի մասնաճյուղի, «Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարանի, Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար համալսարանի Գյումրիի մասնաճյուղի, Վանաձորում` «Մխիթար Գոշ» համալսարանի, Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Գավառում` Գավառի պետական համալսարանի և Երևանում` երևանյան 14 բուհերի իրավաբան-ուսանողների հետ:
Հանդիպումներն անցնում էին շատ ակտիվ. ուսանողների մեծամասնությունը, նույնիսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին լսում մրցույթի մասին, ցուցաբերում էին ոգևորություն և պատրաստակամություն մասնակցելու մրցույթին: Հանդիպումների ընթացքում ուսանողներին ներկայացվեց մրցույթը, մրցույթի ստեղծման պատմությունը աշխարհում և Հայաստանում, հայաստանյան թիմերի կողմից մրցույթին մասնակցության կարգը: Բոլոր բուհերի ուսանողներին բաժանվեցին մրցույթի վերաբերյալ գրքույկն ու Ջեսափի ակումբի լրատուները: Հանդիպումները հնարավորություն ընձեռեցին նաև պարզաբանելու այն խնդիրները, որոնք խոչընդոտում են իրավաբան-ուսանողներին մասնակցելու մրցույթին: Խնդիրներն ունեին և սուբյեկտիվ, և օբյեկտիվ հիմքեր, սակայն հիմնական խնդիրներից էր մրցույթի մանրամասների չիմացությունը, բուհերի մեծ մասում միջազգային իրավունքի մասնագետների բացակայությունը, ինչն էլ ծնում է ուսանողների անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում