Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Ակումբի մասին

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան մեծ ջանքեր է ներդրել Հայաստանում «Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հիմնադրման ու կայացման գործում, և կարելի է ասել, որ Ջեսափի մրցույթը Հայաստանում արդեն ավանդույթ է: Համախմբելով իր և Ջեսափի մրցույթի բարեկամների ջանքերը` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2006թ. ապրիլի 7-ին հիմնեց Հայաստանի Ջեսափի ակումբը: Նույն օրը կայացավ ակումբի մասնակիցների առաջին ժողովը, որին մասնակցում էին մրցույթի կազմակերպիչները, դատավորներ, մասնակիցներ և 2006թ. Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող թիմի մասնակիցները:
Ջեսափի ակումբը հանդիսանում է ՀԵԻԱ-ի կառուցվածքային ստորաբաժանումը: Ակումբն ունի իր կանոնակարգը, որը սահմանում է ակումբի գործունեության առարկան ու նպատակները, ակումբի իրավական կարգավիճակը, կառուցվածքը, մարմինների իրավասությունը: Ջեսափի ակումբի գործունեությունն ապահովում են նրա երկու մարմինները` ակումբի համակարգողն ու ակումբի խորհուրդը: Ակումբի համակարգողի հիմնական խնդիրն է իրականացնել ակումբի ընթացիկ գործունեությունը: Ակումբի խորհուրդը, որն ընտրվում է ակումբի մասնակիցների կողմից 1 տարի ժամկետով, խորհրդակցական մարմին է:

Ակումբի հիմնադրումը նպատակ է հետապնդում նախ և առաջ նպաստել Հայաստանում իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի յուրացմանը, իրավաբան ուսանողների հաղորդակցությանը իրավագիտության զարգացման միջազգային փորձին և խթանել միջազգային իրավունքի ոլորտում ինքնուրույն հետազոտությունների իրականացումը: Ակումբն իր նպատակային գործունեության ընթացքում նախատեսում է կազմակերպել միջազգային արդի խնդիրների շուրջ քննարկումներ, երկխոսություններ, սեմինարներ և այլ միջոցառումներ, որոնք կունենան ոչ միայն ուսուցողական նշանակություն: Քննարկումների, բանավեճերի, երկխոսությունների արդյունքում ներկայացված դիրքորոշումները, արված եզրահանգումները կհանրայնացվեն և, կարծում ենք, իրենց դրական ազդեցությունը կունենան մի շարք միջազգային հիմնախնդիրների լուծման գործընթացների վրա:

Ակումբի նպատակն է նաև նպաստել Հայաստանում Ջեսափի մրցույթի մասսայականացմանը, նրա կարևորության գիտակցմանը, ավանդույթների արմատավորմանն ու շարունակականության ապահովմանը: Այս ուղղությամբ ակումբն արդեն սկսել է իր գործունեությունը. հրատարակել է Ջեսափի ակումբի լրատուի առաջին և երկրորդ համարները և «Ջեսափի մրցույթը Հայաստանում և աշխարհում» խորագրով գրքույկը:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում