Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Ակումբի կանոնակարգ

Հաստատված  է

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության վարչության՝

«06»ապրիլի  2006թ. որոշմամբ:

 

 

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության

նախագահ՝        Կ. Զադոյան

 

Ընդունված է`
Հայաստանի Ջեսափի ակումբի մասնակիցների կողմից` 07.04.2006թ.-ին:

Ակումբի համակարգող`
Սյուզաննա Սողոմոնյան

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Հայաստանի Ջեսափի ակումբ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության (հետագա տեքստում` ՀԵԻԱ) «Հայաստանի Ջեսափի ակումբը» (հետագա տեքստում` ակումբ) ՀԵԻԱ-ի կառուցվածքային ստորաբաժանումն է, որը ստեղծվել է ՀԵԻԱ-ի վարչության 07.04.2006 թ.-ի որոշմամբ:

1.2. Ակումբը գործում է ՀՀ օրենսդրությանը, ՀԵԻԱ-ի կանոնադրությանը և սույն կանոնակարգին համապատասխան:

1.3. Ակումբի անվանումն է.

Հայերեն` «Հայաստանի Ջեսափի ակումբ», կրճատ` Ջեսափի Ակումբ:

Անգլերեն` Jessup Club of Armenia, կրճատ` Jessup Club:

1.4. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան 7, բն. 2, հեռախոս` 54-01-99, ֆաքս` 58-02-99, էլ. փոստ` յ[email protected], վեբ կայք` http://club.jessup.am:

 

2. ԱԿՈՒՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

2.1. Ակումբի գործունեության առարկան և նպատակներն են.

ա) կազմակերպել քննարկումներ, երկխոսություններ, սեմինարներ միջազգային արդի խնդիրների շուրջ,

բ) նպաստել Հայաստանում «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի կազմակերպմանը,

գ) նպաստել Հայաստանում Ջեսափի մրցույթի մասսայականացմանը, կարևորության գիտակցմանը, դերի և նշանակության բարձրացմանը,

դ) նպաստել Հայաստանում մրցույթի ավանդույթների արմատավորմանը և շարունակականության ապահովմանը,

ե) նպաստել Հայաստանում իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի յուրացմանը, այդ բնագավառում գիտելիքների խորացմանը, կատարելագործմանը և ամրապնդմանը,

զ) նպաստել իրավաբան ուսանողների հաղորդակցությանը իրավագիտության զարգացման միջազգային փորձին, խթանել այդ ոլորտում ինքնուրույն հետազոտությունների իրականացմանը,

է) համագործակցել իրավաբան ուսանողների, արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ այլ երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների հետ,

թ) նպաստել Հայաստանում Ջեսափի մրցույթի կազմակերպման և ակումբի նպատակների իրականացման համար ֆինանսական միջոցների հայթայթմանը:

 

3.ԱԿՈՒՄԲԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

3.1. Ակումբը իրավաբանական անձ չէ, գործում է ակումբի մասնակիցների կողմից ընդունված և ՀԵԻԱ-ի վարչության կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա ու համարվում է ՀԵԻԱ-ի կառուցվածքային ստորաբաժանումը:
3.2. Ակումբը կարող է համագործակցել ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և անհատ անձանց, ինչպես նաև արտասահմանյան նմանատիպ ակումբների և այլ կազմակերպությունների հետ:
3.3. Ակումբը կարող է հրատարակել լրատուներ, տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև իր գործունեության մասին տեղեկատվություն տարածել` օգտագործելով նաև ՀԵԻԱ-ի պաշտոնական վեբ կայքում տեղակայված Ջեսափի մրցույթի վեբ կայքը:
3.4. Ակումբը կարող է ունենալ պաշտոնաթղթեր, խորհրդանիշ և նույնացնող այլ հատկանիշներ:

 

4.ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԿՈՒՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

 

4.1. Ակումբի գործունեությանը կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով մասնակցել է Ջեսափի մրցույթին որպես դատավոր, դատավորի օգնական կամ մրցույթի մասնակից, հետաքրքրված է ակումբի նպատակներով և գործունեությամբ:

 

5.ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

5.1 Ակումբի մարմիններն են ակումբի համակարգողը և ակումբի խորհուրդը:
5.2 Ակումբի համակարգողը հանդիսանում է ակումբի գործադիր մարմինը, որը նշանակվում է ՀԵԻԱ-ի վարչության կողմից:
5.3 Ակումբի համակարգողը`
ա) իրականացնում է ակումբի ընթացիկ գործունեությունը,
բ) ակումբի խորհրդի ընդունմանն է ներկայացնում ակումբի գործունեության ամենամյա աշխատանքային պլանի, պլանում կատարված փոփոխությունների և ծրագրերի առաջարկների նախագծերը, իսկ ՀԵԻԱ-ի նախագահի հաստատմանը` ակումբի խորհրդի կողմից ընդունված պլանը, պլանում կատարված փոփոխությունները և ծրագրերի առաջարկները,
գ) ակումբի մասնակիցների թվից կարող է ընտրել ակումբի գործունեության տարբեր ուղղությունների կամ կոնկրետ ծրագրի կամ միջոցառման պատասխանատուներ, ձևավորել աշխատանքային խմբեր և այլ մարմիններ, նշանակել դրանց ղեկավարներ,
դ) վարում է ակումբի խորհրդի նիստերը` առանց քվեարկության իրավունքի,
ե) ստորագրում է ակումբի մասնակիցների և ակումբի խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերը,
զ) հանդես է գալիս ակումբի անունից, ներկայացնում է ակումբը տարբեր մարմիններում և կազմակերպություններում, ընդունում է որոշումներ` կապված ակումբի կազմակերպման և գործունեության հետ,
է) վեցամսյա գրավոր հաշվետվություններ է ներկայացնում ակումբի խորհրդին և ՀԵԻԱ-ի նախագահին, իսկ տարեկան գրավոր հաշվետվություն` ակումբի մասնակիցներին և ՀԵԻԱ-ի նախագահին` ակումբի գործունեության մասին, կատարում է իր իրավասություններից բխող, ՀԵԻԱ-ի կանոնադրությանը և սույն կանոնակարգին չհակասող այլ աշխատանքներ, ՀԵԻԱ-ի նախագահի հանձնարարությունները:
5.4 Ակումբի` 5 հոգուց բաղկացած խորհուրդը ընտրվում է ակումբի մասնակիցների կողմից 1 տարի ժամկետով և համարվում է ակումբի խորհրդակցական մարմինը:
5.5 Ակումբի խորհուրդը.
ա) ընդունում է ակումբի գործունեության ամենամյա աշխատանքային պլանը, պլանում կատարված փոփոխությունները և ծրագրերի առաջարկները,
բ) ակումբի գործունեության առարկայի և նպատակների վերաբերյալ ակումբի համակարագողին ներկայացնում է առաջարկություններ,
գ) կատարում է իր իրավասություններից բխող, ՀԵԻԱ-ի կանոնադրությանը և սույն կանոնակարգին չհակասող այլ աշխատանքներ:
5.6 Ակումբի խորհուրդը իր հերթական նիստերը հրավիրում է իր կողմից սահմանված պարբերականությամբ: Ակումբի խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի անդամների մեծամասնության, ակումբի համակարգողի առաջարկով` ակումբի համակարգողի կողմից: Ակումբի մասնակիցները անարգել կերպով կարող են մասնակցել ակումբի խորհրդի նիստերին:

 

6.ԱԿՈՒՄԲԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6.1. Ակումբի գույքը և միջոցները գոյանում են ՀԵԻԱ-ի կողմից տրամադրված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
6.2. Ակումբը գույքի և միջոցների նկատմամբ ունի տիրապետման և օգտագործման իրավունք:
6.3. Ակումբը կարող է ունենալ ընթացիկ հաշիվ, որի միջոցները կարող են ծախսվել ՀԵԻԱ-ի նախագահի կողմից հաստատված նախահաշվով:
6.4. Ակումբի գործունեության և ֆինանսական միջոցների օգտագործման hաշվետվությունները հաստատում է ՀԵԻԱ-ի նախագահը:
6.5. Ակումբին պատկանող գույքը օգտագործվում է իր կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար:

 

7. ԱԿՈՒՄԲԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

7.1. Ակումբը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել ՀԵԻԱ-ի որոշմամբ:
7.2. Ակումբի լուծարման դեպքում նրա ֆինանսական միջոցները օգտագործում է ակումբի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման նպատակով: Դրա անհնարինության դեպքում այն փոխանցվում է ՀԵԻԱ-ի բյուջե:

 

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում